«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵԹԵ ՀԱՑԹՈՒԽԻՆ ՏԱՆՈՒՄ ԵՍ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՆԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՐՑԻ ՄԱՍՆԱԳԵՏ Է»

«ԵԹԵ ՀԱՑԹՈՒԽԻՆ ՏԱՆՈՒՄ ԵՍ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՆԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՐՑԻ ՄԱՍՆԱԳԵՏ Է»
25.06.2010 | 00:00

«Սահմանային ռեժիմի խախտման դեպքերը բազմաթիվ են, քանի որ չկա խաղաղության մասին պայմանագիր։ Պարզապես, վերջին իրադարձություններն են արտառոց։ Շատ կարևոր է, որ իշխանությունները, բանակի հրամանատարությունը թափանցիկ հետաքննություն անցկացնեն` պարզելու այս դիվերսիոն գործողության պատճառը»,- երեկ Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցածի առնչությամբ «Իրավունք de facto» ակումբում այսպիսի մեկնաբանություն տվեց նախկին արտգործնախարար, ՀԱԿ-ի ներկայացուցիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ` հավելելով, թե դա հետևողական ծրագիր էր, հստակ ձևակերպված պատվեր, որն ունի մի շարք հասցեատերեր։ «Մի կողմից, սա ներքին օգտագործման համար է, որ Ադրբեջանն իր հասարակությանը ցույց տա, թե` տեսե՛ք, մեր բանակը մարտունակ է, մյուս կողմից, միջազգային հանրությանը պարտադրելու, որ ճնշումներ գործադրեն Հայաստանի վրա։ Սակայն ակնհայտ է, որ այս ամենը հրահրել է Ադրբեջանը»։
Շեշտելով, որ միջազգային հանրության հայտարարություններն այս առնչությամբ բավականին չեզոք էին, Արզումանյանը հընթացս բացառեց, թե Ալիևի անտեղյակությամբ է դիվերսիան իրագործվել։ «Ադրբեջանի տարածքում որևէ ինքնուրույն գործողություն բացառվում է, որին տեղյակ չէ Ալիևը։ Հայաստանն էլ դեմոկրատիայի օրինակ չէ, բայց, ի տարբերություն մեզ, Ադրբեջանում չկա մեկը, որ առանց Ալիևի գիտության նման քայլի դիմի»,- փաստեց ակումբի հյուրը։ Ըստ ընդդիմադիր գործչի` կատարվածը վերջին տասներկու տարիներին ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության արգասիքն է։ «Հիմնախնդրի կարգավորումը փակուղի է մտել, որից դուրս գալու միակ հնարավորությունն իշխանության հրաժարականն է, արտահերթ ընտրությունների անցկացումը, սահմանադրական կարգի վերականգնումը»,- հավաստիացրեց ՀԱԿ-ի անդամը։
Անդրադառնալով խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման խոսակցություններին` նախկին արտգործնախարարը վստահեցրեց. «Հայաստանի տեսանկյունից, խաղաղապահ ուժեր ներդնելու առումով ավելի նախընտրելի է Ռուսաստանը։ Կան արտահոսքեր, թե ռուս-թուրքական համաձայնագրի շրջանակում Ռուսաստանը Թուրքիայի տարածքում մտադիր է ատոմակայան կառուցել, ուստի ունենալու է տասը հազարանոց ռազմաբազա կամ, այսպես ասած, ատոմակայանի սպասարկման անձնակազմ։ Չմոռանանք, որ աֆղանական պատերազմն էլ Մոսկվան սկսեց «սահմանափակ կոնտինգենտ» մտցնելով այս երկրի տարածք»։
Ներքին խնդիրները ևս չշրջանցվեցին։ «Մարդիկ գումարներ են տվել, ծառայություններ մատուցելով ընդգրկվել այս կամ այն ցուցակում ու իրենց հռչակել ԱԺ-ի պատգամավոր։ Սրանից չի բխում, թե դարձել են քաղաքական գործիչ։ Եթե հացթուխին տանում ես խորհրդարան, չի նշանակում, որ նա յուրաքանչյուր հարցի մասնագետ է»։ Արտահերթ ընտրությունների առնչությամբ նախկին արտգործնախարարը շեշտեց. «Իշխանության ներկայացուցիչների «հացն» է` ասել, որ ոչ մի դեպքում արտահերթ ընտրություններ չեն լինի, իսկ ընդդիմության «հացն» էլ այն է, որ ասեն` ամեն դեպքում արտահերթ ընտրություններ կլինեն»։ Ե՞րբ հարցրին լրագրողները։ «Սուրճի բաժակ չենք նայում»,- պատասխանեց կոնգրեսի ներկայացուցիչը։
ՀՀՇ-ում վերջին զարգացումների շուրջ ևս ՀԱԿ-ի անդամն իր տեսակետը հայտնեց։ Բացառելով ՀՀՇ-ի քանդման գործընթացը` Արզումանյանը շարունակեց. «Նորմալ իրավիճակ է։ Հայաստանի ամենամեծ կուսակցություններից մեկում, որն ունի լուրջ քաղաքական անցյալ, վարչություն, որտեղ կարող են լինել խնդիրներ, տարաձայնություններ, դրանք լուծվում են առողջ բանավեճի արդյունքում։ Հաղթահարվում են, ինչպես միշտ։ Համագումարում բոլոր հարցերի պատասխանները կլինեն»։ Ավելին, ընդդիմադիր գործիչը ՀՀՇ-ի ղեկավար կազմում «չի ճանաչում» որևէ մեկին, ով կարծում է, թե ՀԱԿ-ից ՀՀՇ-ն պետք է դուրս գա։ Ինչ վերաբերում է վարչության փոխնախագահ Խաչիկ Քոքոբելյանի հրաժարականին, նախկին արտգործնախարարը հավաստեց. «Քոքոբելյանը մեր ընկերն է ու վարչության անդամ։ Այս պահին նպատակահարմար գտավ հրաժարական տալ, որի առնչությամբ պարզաբանումներ կտա։ Ես ինքս շպիոնամանիայով երբեք չեմ տառապել, իսկ դուք սև կատու մի փնտրեք մութ սենյակում»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ. Գ. -Ալեքսանդր Արզումանյանի հետ հարցազրույցը` հաջորդ համարում։

Դիտվել է՝ 1138

Մեկնաբանություններ